ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր հայտարարությունը՝ նախագահի որոշման վերաբերյալ

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է ՀՀ Զինված ուժերի հայտարարությունը, որում նշվում է․

«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն

Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։

Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։

Հիշեցնենք, որ ըստ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարության․

«Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:

Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:

Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել