Վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել, որոնց քրեիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ:
Մասնավորապես մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն:
Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան:
Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ` նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,-նշվում է նրա գրառման մեջ: