Այդ մարտակոչը համընկավ ձեր վաղեմի ընկերոջ՝ Վանեցյանի գործի քննության օրվան․ պատգամավորը՝ Վարդազարյանին

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3-ին, շարունակում է  Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Երեկ՝ մարտի 2-ին, երեք թեկնածուներից միայն մեկին՝ Սամվել Գրիգորյանին հասցրեց ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավոր Գրիգորյանն այս պաշտոնին անցնելու համար ինքնաբացարկ է ներկայացրել։

Ռուբեն Վարդազարյանը երեկ պատասխանեց մի շարք պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ոչ թե դատավորի թեկնածուին, այլ՝ իրեն։ Քանի որ այսօր շարունակվում է հարցի քննարկումը, պատգամավորները շարունակեցին,

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց Վարդազարյանին՝ նշելով, որ իր կողմից ներկայացված «մարտակոչը» ներկայացնելու օրը համընկել է վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դատական նիստի, գործի քննության օրվան․ «Կներեք, բայց նման զուգադիպությունները, թույլ չեն տալիս մեզ, որպես քաղաքական գործիչներ և առհասարակ որպես բանական մարդիկ, չմտածել, որ ձեր այդ կոչը քաղաքական էր և ես ուզում եմ հետևյալ հարցը տալ․ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ ձեր հայտարարությունը քաղաքական էր»։

Ի պատասխան, Վարդազարյանը նշեց, որ նախորդ օրը նիստից հետո կրկին ուսումնասիրել է Դատական օրենսգիրքն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը․ «Տեղեկացնում եմ ձեզ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԲԴԽ-ն և դատական իշխանությունը հաշվետու չեն Ազգային ժողովին, հետևաբար, ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացեմ եմ Ազգային ժողովին։ Խնդրում եմ չշփոթել, որ սա գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվել, որ այստեղ եմ ես և դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք որ ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»,-ասաց նա։

Ռուբեն Վարդազարյանը հավելեց, որ պատրաստ են բաց քննարկման։ «Երեկ համբերատար փորձեցի պատասխանել, այսօր չեմ պատասխանելու»,-նշեց նա։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց ԲԴԽ նախագահին պատգամավորներին չսահմանափակել հարցեր հղելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել