Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը և դատավոր Ալեքսանդր Ֆեդորցովը հանդես եկան «Միջազգային իրավական նորմերի դերը իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի ամենօրյա գործունեության մեջ՝ ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ: Ներկա էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորներ և Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը իր երախտագիտությունը հայտնեց հրավերն ընդունելու համար և հույս հայտնեց, որ տարվա ընթացքում նմանատիպ ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորություն կլինի: Ռեկտորն ընդգծեց ԵԱՏՄ դատարանի դատավորի դերը ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում:
Էռնա Հայրիյանը ներկայացրեց դատարանի գործունեության առանձնահատկությունները և հպարտությամբ նշեց, որ ԵԱՏՄ-ն, ի դեմս դատարանի, չափազանց ակտիվ է աշխատում: «Մեզ արդեն ընդունում են որպես միջազգային դատարան, և աշխատում ենք խիստ ծանրաբեռնված: ԵԱՏՄ դատարանն իր գործունեության 6 տարիների ընթացքում քննել է այնքան գործ, որքան ՄԻԵԴ-ը չի քննել 10 տարում»,- նշեց Է. Հայրիյանը:
Ալեքսանդր Ֆեդորցովը, նախքան քննարկվող թեմային անդրադառնալը, խոսեց Բելառուսում, նախկինում գործող տնտեսական դատարանների, դատական համակարգի փոփոխությունների մասին: «Այսօր, վերակազմավորումից հետո, Բելառուսի դատական համակարգը լիարժեք գործում է, բայց քննարկվում է նաև Սահմանադրական դատարանը բարեփոխումների ենթարկելու և մեկ ամբողջական դատական իշխանություն ձևավորելու հարցը»,- նշեց դատավորը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին: Մասնավորապես, հետաքրրքվեցին՝ արդյո՞ք տնտեսական դատարանները որոշումներ կայացնելիս կարող են հղում տալ ԵԱՏՄ դատարանի վճիռներին: Ալ. Ֆեդորցովը պատասխանեց՝ դատարանի կայացրած որոշումները ԵԱՏՄ հանձնաժողովի և վեճի կողմերի համար են, բայց իրենց կողմից տրված խորհրդատվական եզրակացությունները որոշիչ դեր ունեն կոնսենսուսի բացակայության պատճառով լուծում չստացած մի շարք տնտեսական վեճերի համար:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և շեշտեցին, որ չնայած համավարակին, սիրով եկել են կիսվելու իրենց փորձով: