Մորիսն իր ընկերների հետ կարողացել է տանկ խոցել, մոտ 30 հոգով ոչնչացրել են թշնամու մեծաթիվ զորքին

Արցախյան պատերազմում զոհված Մորիս Խումարյանը մասնակցել էր նաև 2020 թվականի հուլիսյան մարտերին: «Այդ մասին հետո ենք իմացել, երբ գնացել էինք զորամաս՝ իր անձնական իրերը բերելու: Չէր ասել, որ չանհանգստանանք: Զանգում խոսում էր, բայց չէր ասում, որ սահմանին են ու մարտերի մեջ են, չէինք էլ հասկանում»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմեց Մորիսի մայրը՝ Ալինա Գրիգորյանը:

«Իմ, մեր Մորիսը, նստում էր լսարանի վերջին նստարանին՝ խոհեմ ու խոսուն հայացքով ընկալում էր շուրջը կատարվողը, եթե չհարցնեիր, կթվար, թե դաս չի սովորել, բայց միշտ պատրաստ էր դասին: Միշտ զուսպ էր, հավասարակշռված: Նրա դեմքին զարմանալի լույս էր ու մի քիչ էլ թախիծ: Այդ լույսը տարածվում էր իր շուրջը, հոգու խաղաղություն բերում իր հետ շփվողին: Մենք հիմա այդ լսարանում նրան ենք փնտրում: Հիմա էլ այդ նստարանից լույս է ճառագում, իսկ մեր ցաված հոգիներից՝ անհաղթահարելի կսկիծ»,- Մորիս Խումարյանի մասին պատմում է նրա դասախոսը Լևոնուհի Թավաքալյանը:

Возможно, это изображение (1 человек, стоит, военная форма и на открытом воздухе)

Մորիս Խումարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 3-ին։ «Շատ սպասված տղա էր: Ընդունակ էր, դա զգացվեց դեռ մանկապարտեզից, իր ուժերով ընդունվեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»,-պատմում է մայրը։

Մորիսը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 10-ին, ծառայել Իջևանի զորամասում. «Շատ ուրախացանք, չգիտեինք ինչ է տեղի ունենալու, 2 ամիս էր մնացել ծառայության ավարտին»,-ասում է մայրը: Մորիսն Արցախ է տեղափոխվել հոկտեմբերի 18-ին, կռվել է Այգեհովիտ գյուղում. «Նահանջի հրաման են ստացել, զգացել են, որ օղակի մեջ են ընկնում, կարողացել են վիրավորներին մարտի դաշտից հանել, իրենք նորից գնացել են կռվելու՝ կրակահերթով պահել են, որ թշնամին վիրավորներին չմոտենա»,-պատմել է Մորիսի զինակիցը:

Հարազատներին նաև պատմել են, որ Մորիսն իր ընկերների հետ կարողացել է տանկ խոցել, մոտ 30 հոգով ոչնչացրել են թշնամու մեծաթիվ զորքին:

Վերջին անգամ մայրը տղայի հետ խոսել է հոկտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 10:00-ին: Այդ ժամանակ է հարազատներին հայտնել, որ տեղափոխել են իրեն. «Ասաց՝ մամ ջան, ասում եմ, որ ուրիշից չիմանաս, ինձ տարել են, բայց չգիտեմ ուր, երևի մեր սահմաններն ամրացնելու համար տեղափոխում են ուրիշ մարզ: Ասացի՝ տղե՛ս, քեզ էլ, ընկերներիդ էլ սպասում ենք, չպակասեք, բայց ի սկզբանե իմացել է, թե ուր են գնում»,-պատնում է զոհված զինծառայողի մայրը՝ Ալինա Գրիգորյանը։

Հայրենիքի պաշտպանության կռվում Մորիսը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մարտի 4-ի հրամանագրով Մորիս Խումարյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել