Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ իշխանությունը պատկանում է իրենց և, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, այն հափշտակեցին ժողովրդից: Այդպես պետությունն օտարվեց ժողովրդից, քաղաքացին սեփական մաշկի վրա զգաց, որ իր բացարձակ ու անձեռնմխելի՝ կյանքի իրավունքը պետության կողմից ոչ միայն չի պաշտպանվում, այլև ենթակա է նրա ուղիղ ոտնձգությանը:
Այդ անարդարությունը շտկելու, իշխանությունն իր տիրոջը՝ ժողովրդին վերադարձնելու պատճառն էլ ընկավ 2018թ. հեղափոխության հիմքում, երբ հանրությունը հրաժարվեց ենթարկվել բռնատիրության, պետության օտարման և անձնիշխանության պարտադրանքին: Հեղափոխությամբ հայ հանրությունը վճռականորեն որոշեց, որ Հայաստանում այլևս «Մարտի 1» չի լինելու, անզեն ու իր բողոքը խաղաղ արտահայտող քաղաքացին սեփական մայրաքաղաքում չի գնդակահարվելու և ամենակարևորը՝ իշխանությունը չի պատկանելու մի խումբ անձանց, չի փոխանցվելու կուլիսային պայմանավորվածություններով, չի որոշվելու ժողովրդից գաղտնի ու նեղ կլանային շահերով:
Այսօր, օգտվելով հանրության հուզական վիճակից, Հայաստանի ժողովրդավարությունը խաթարելու, ժողովրդի իշխանության սահմանադրական և իրավական ընթացակարգերը շրջանցելու, մարդկանց ազատ կամքը հաղթահարելու միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձեր են արվում: Դրանք, սակայն, լիովին դատապարտված են ձախողման, որովհետև 2008թ. մարտի 1-ի հավերժ հիշողությամբ և 2018թ. հեղափոխության երաշխիքով Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես հանրության ազատ կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով»: