Այսօր ժամը 18։00-ին մեկնարկած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց․
«2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց։ Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, իսկ ժողովուրդը ծափահարեց։
«Գեներալ» բառը հայհոյանք էր դարձել։ Թե ինչի բերեց այդ ամենը, մենք տեսանք պատերազմի ժամանակ։
Հիմա կատարվում է երկրորդ քայլը․ նորից փորձ է կատարվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է։
Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց․ բանակն ասաց, որ Նիկոլին չի ընդունում։ Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելու։
Հիմա ի՞նչ կարող է լինել։ Եթե նրան չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, նա պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ։ Դա նշանակում է՝ նրան արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց։ Իսկ եթե հաղթի և կարողանա Սահմանադրական դատարանով, ՀՀ նախագահի միջոցով կամ մեկ այլ ձևով հանել, ապա ի՞նչ կլինի դրանից հետո։
Բնական տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի։ Եվ այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսվում Հայաստանի։
Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, իսկ եթե չկանգնի՝ մենք պետք է ոտքի կանգնեցնենք։
Այս մի քանի օրում որոշվում է ամբողջ ապայքարի ճակատագիրը։ Ես երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը։ Պետք է ամուր կանգնել, լինել համբերատար և պատրաստ լինել վճռական գործողությունների։
Վճռական օրերն առջևում են»։