Սոֆի Դևոյանի նախկին վարորդի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի նախկին վարորդի դեմ տուժողի իրավահաջորդ Նինա Սիմոնյանի և տուժող Արա Գևորգյանի կողմից բերված Վերաքննիչ բողոքը դատարանը մերժել է: Այս Իրավաբան.net-ին հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից:

Տուժողի իրավահաջորդ Նինա Սիմոնյանը և տուժող Արա Գևորգյանը դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել դատավճիռը: Ըստ վերաքննիչ բողոքի հիմնավորումների` առաջին ատյանի դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելով, թույլ է տվել դատավարական նորմի կոպիտ խախտում:

Տվյալ դեպքում արարքի նկարագրությամբ ամրագրվել է, որ ամբաստանյալն Արա Գևորգյանին և նույն մեքենայի ուղևոր Նորայր Սիմոնյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ուղևոր Սամվել Աբրահամյանին՝ մահ, սակայն այն որակվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2 տուժողներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստին, որը ենթակա էր որակման ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, իրավաբանական որակում չի տրվել:

Նույնիսկ դատավճիռ կայացնելիս ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` այն չի դիտվել որպես ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

Ըստ վերաքննիչ բողոքի` ինչպես գործի նյութերից, այնպես էլ մեղադրական եզրակացությունից ակնհայտ է, որ հանցանք կատարելուց անմիջապես հետո ամբաստանյալը լքել է դեպքի վայրը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով ևս արարքին իրավական որակում չի տրվել:

Ամբաստանյալը նախաքննությամբ և դատաքննությամբ ցուցմունք է տվել, թե ստացած վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել օգնություն ցույց տալ տուժողներին, սակայն ինչպես տուժողների ու վկաների ցուցմունքների, այնպես էլ դատաբժշկական փորձաքննության թիվ 1533 եզրակացության համադրությունից հետևում է, որ ամբաստանյալը լքել է դեպքի վայրը, և վերջինիս պատճառաբանությունները հիմնավոր չեն:
Նման պայմաններում դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնները, յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ չի նշանակել և վերջնական պատիժ չի սահմանել պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Բացի այդ, դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքը:

Տուժող կողմի բողոքի համաձայն` առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական և քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են:

Մեղադրող, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Լ. Գրիգորյանը վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված գրավոր պատասխանում նշել է, որ տուժող Արա Գևորգյանի և տուժողի իրավահաջորդ Նինա Սիմոնյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Եթե անձի արարքի հետևանքով վրա են հասել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ մասերով նախատեսված հետևանքները, ապա արարքը ենթակա է որակման հոդվածի միայն այն մասով, որն ավելի ծանր հետևանքներ է նախատեսում:

Հմայակ Միքայելյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով վրա են հասել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ մասերով նախատեսված հետևանքները, այդ պատճառով նրան առաջադրված մեղադրանքի ծավալի մեջ ընդգրկված են ինչպես Սամվել Աբրահամյանին մահ պատճառելու, այնպես էլ Արա Գևորգյանին և Նորայր Սիմոնյանին առողջության ծանր վնաս պատճառելու մեղադրանքները, սակայն նրա կատարած հանցանքը որակվել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ այն ավելի ծանր հետևանքներ է նախատեսում: Մեղադրող Լ. Գրիգորյանը խնդրել է տուժող Արա Գևորգյանի և տուժողի իրավահաջորդ Նինա Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժել:

Ամբաստանյալ Հմայակ Միքայելյանը ևս առարկել է վերաքննիչ բողոքի դեմ` հայտնելով, որ իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ:

Հանգամանքների վերլուծությամբ վերաքննիչ դատարանը գտնել է, որ քրեական գործի քննության նախորդ փուլերի ընթացքում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, գործը նոր քննության ուղարկելու հիմքեր չկան, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Իրավաբան.net-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոֆի Դեւոյանի նախկին վարորդը չի կարող բողոքարկել 4 տարվա ազատազրկման դատավճիռը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել