Փետրվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը:
«Ս.թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները»,-ասված էր հայտարարության մեջ:
Իրավաբան․net-ի հետ զրույցում «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը նշեց, որ իրենք չեն ներգրավվել աշխատանքային խմբում։
««Վերադարձ Դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն հիմնադրվել է այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քաշաթաղ համայնքից տեղահանված անձանց իրավունքներով, իրավական և սոցիալական խնդիրներուվ զբաղվելու նպատակով: Դիմել ենք կառավարությանը՝ ձևավորված Արցախի հարցերով աշխատանքային խմբի հետ, համագործակցելու համար, որ նաև մեր հասարակական կազմակերպությունից մեկ հոգու հնարավորություն տրվեր ներգրավվել հանձնաժողովի մեջ, որպեսզի մենք էլ հետևենք աշխատանքներին, թե ինչ գործընթաց է գնում, ինչ հարցեր են քննարկվում ու ինչ լուծումներ են սպասվում»,-ասաց նա։
ՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ Քաշաթաղի շրջանի հարավային թևից երկու հոգի ներկայացուցիչ պետք է ընդգրկված լինեին այդ հանձնաժողովում։
«Ինձ զանգահարել է Մհեր Գրիգորյանի օգնականը և հայտնել, որ արդեն հնարավոր չէ ևս մեկ անդամ մտցնել հանձնաժողովի մեջ։ Առաջարկել է, որ այդ երկու հոգուց բաղկացած կազմը, որ պետք է լինի Քաշաթաղի շրջանից, հնարավորության դեպքում մեկը չներկայանա և մեր հասարակական կազմակերպության կողմից մեկը ներկայա։ Այդ անձանցից մեկին ճանաչում եմ, մյուսը չգիտեմ՝ ով է, Քաշաթաքղի շրջանից է։ Դրանից հետո ես կապ չեմ հաստատել Մհեր Գրիգորյանի աշխատակազմի հետ։ Մենք համարել ենք, որ տգեղ է, երբ ինչ-որ մեկն իր տեղը պետք է զիջի մյուսին, մեր կազմակերպությունը դա ճիշտ չի համարել։ Բանավոր հեռախոսով դա են առաջարկել, իհարկե, մենք չենք մասնակցել այդ քննարկումներին, բայց գրավոր դիմել ենք, որ մեզ այդ արձանագրությունները տրամադրեն»,-ասաց Կարինե Մովսեսյանը։
Նշենք, որ մենք փորձել ենք նաև կապ հաստատել Մհեր Գրիգորյանի օգնականի հետ, սակայն մեր հեռախոսազանգն անպատասխան է մնացել։