Ազնիվ Հ.-ին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` որպես անհատ ձեռնարկատեր, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի «Ջանֆիդայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի հետ, որով պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում նաև կարագ: Սակայն Ազնիվ Հ.-ն սպառողին խաբելու դիտավորությամբ կարագի փոխարեն մանկապարտեզին նշված տարիների ընթացքում, խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, տարբեր գներով մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 6999.060ՀՀ դրամ արժողության 406.700կգ սփրեդ:
Ազնիվ Հ.-ին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 212 հոդվածի 2-րդ մասով:
Համաձայն հիշյալ հոդվածի՝
1. Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հիսնապատիկի չափը, իսկ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարը:
4.1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջության համար անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
4.2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net