Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել՝ խոսելով համակարգչային խաղերի հնարավոր որոշ վտանգների մասին։
«Քանի որ մի շատ ողբերգական դեպքից հետո կրկին մեծ ալիք գնաց Синий Кит խաղի մասին, ապա հարկ եմ համարում մի քանի խորհուրդ տալ։ Ընդ որում համ երեխաներին, համ ծնողներին։ Եվ հիշեցնեմ, որ նման թեմաների շուրջ անառողջ հիստերիան լրիվ հակառակ էֆեկտ է ունենում։ Եթե հարկ լինի, կշարունակեմ էս թեմայով խոսել։ Դեռ որ այսքանը»,-նշել է նա։
Սամվել Մարտիրոսյանը երեխաներին խորհուրդ է տալիս չհավատալ ինչ-որ մարդկանց նամականերին ու սպառբալիքներին․ «Դրանք հեքիաթներ են, «մեշոկ պապի»-հաքերներ գոյություն չունեն, որ ձեզ կգտնեն, ձեզ որևէ բան կանեն և այլն։ Պարզապես ձեր ծնողներին, ուսուցչին ասեք, հարցը կլուծվի, վախենալու որևէ բան չկա, ազնիվ, ազնիվ։ Ով ձեզ վախեցնում է, ուզում է ձեր վախերն օգտագործի»։
Փորձագետի խոսքով, Синий Кит խաղի կեղծ թեման ձնագնդի էֆեկտով է առաջ եկել։ Ռուսական որոշ լրատվամիջոցների լրագրողներ անփույթ հետազոտություն են արել, որի հիման վրա կիսադիցաբանական հաքերների թեմա է ստեղծվել, բայց դրա շուրջ ստեղծված աղմուկը հենց ստեղծեց այդ երևույթը և շատ ոչ ադեկվատ մարդիկ հասկացան, որ կարելի է նմանատիպ բաներ անել, երեխաները սկսեցին հետաքրքրվել և այլն։ «Խոսեք երեխաների հետ, բայց մի արգելեք, խոսեք ընկերոջ պես, մի արգելեք օգտվել ինտերնետից, որովհետև երեխան միևնույն է մտնելու է, արգելեք՝ ավելի շատ է ուզելու։ Եթե որևէ բան եք զգում, խոսեք, բացատրեք, որ եթե որևէ մեկն ահաբեկում է իրեն՝ ոչինչ չկա, իր վախերի հետ են խաղում»,-ասաց Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում