Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը․ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է ներկայացրել

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը ծանոթացել է խորհրդի անդամների հետ՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները, զարգացման միտումները և տեսլականը:

«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության հիմքն է: Կրթությունը և մշակույթը փոխկապակցված են. կրթությունը կտուժի, եթե դրա մեջ չկա մշակույթի բաղադրիչ և՝ հակառակը: ԿԳՄՍ նախարարության ոլորտները բազմաշերտ են, հետևաբար մեր գործունեությունն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Այդ պատճառով հանրությունը վերահսկում մեր յուրաքանչյուր քայլ և բարեփոխում, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Մենք շահագրգիռ ենք լսել մեր ոլորտների և պետության զարգացմամբ մտահոգ ցանկացած քաղաքացու արդարացի և առողջ գնահատական: Այդ առումով հասարակական խորհուրդը լավագույն հարթակն է, քանի որ այստեղ ներկայացված են ԿԳՄՍ բոլոր ոլորտների ներկայացուցիչներ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, այն է՝ քննարկումների միջոցով հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի համապատասխան բարեփոխումներ իրականացվեն:

Նիստի օրակարգում ներառված էր «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ցանկացած փոփոխություն, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ի սկզբանե դատապարտված է անհաջողության, եթե հաշվի չի առնվում դրա կարևոր բաղադրիչը՝ մարդկային ռեսուրսը, այս դեպքում՝ ուսուցիչը»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ուսուցիչներին ուղղված նոր քաղաքականությունը: Ըստ բանախոսի՝ առկա հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու խրախուսման գործիքները, ուսուցչի մասնագիտության հեղինակությունն ու նոր մասնագետների մուտքը համակարգ, ուսուցչական կադրերի որակն ու մասնագիտական շարունակական զարգացումը, ինչպես նաև մանկավարժական նորարարությունն ու ստեղծարարությունը:

«Ընդհանուր առմամբ ուսուցիչների 40 տոկոսն ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի։ Սրա համեմատ՝ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը։ 60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին»,- այսպիսի փաստական տվյալներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այժմ հերթական ատեստավորման է ենթակա ուսուցչական համակազմի 56 տոկոսը։ Նրա խոսքով՝ ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրված որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը գործում է կամավորության սկզբունքով: Ըստ փոխնախարարի՝ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջվում է առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից միայն 2226-ն ունի առաջին,  122-ը՝ երկրորդ և 1 ուսուցիչ՝  երրորդ աստիճանի տարակարգ,  ինչը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը:

Ժաննա Անդրեասյանը որպես առաջարկվող լուծումներ առանձնացրել է արդեն ներդրված մի շարք գործիքներ, այն է՝ ուսուցիչների գործուղման և տրանսպորտային ծառայությունների և ֆինանսավորման նոր կարգերը, «Տարվա լավագույններ» դրամաշնորհային ծրագրերի մրցույթը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը և այլն: Անդրադառնալով նոր գործիքի՝ սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման ծրագրի նախագծին՝ բանախոսը նշել է, որ այն լինելու է ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման արդյունքում նախատեսվում է, որ 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած և հավելավճար  կստանան 50 տոկոսի չափով, 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ևս կհամարվեն ատեստավորումն անցած ու հավելավճար կստանան 30 տոկոսի չափով: Երկու դեպքում էլ ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի, իսկ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման ենթակա կլինի:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար:          Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և պարտադիր կդառնա  համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև հերթական ատեստավորման գործընթացում, այն է՝ գործընթացի թվայնացում, վերապատրաստման իրականացում երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների միջոցով, ուսուցչի կողմից կրեդիտների ինքնուրույն հավաքագրման հնարավորություն, վերապատրաստման համակցված եղանակի հնարավորություն՝ առկա և հեռավար միջոցների համադրմամբ, վերապատրաստման ծրագիր և չափորոշիչ:

Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգին, նախկին վերապատրաստումների արդյունավետությանը, միասնական կամ այլընտրանքային մոդուլների օգտագործմանը, վերապատրաստման գործընթացում մասնավոր կազմակերպությունների հնարավոր ներառմանը, կամավոր և հերթական ատեստավորումների համեմատությանը, դրանց ժամանակացույցին,  թեմաների ընտրությանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև գիտնական ուսուցիչների, մանկավարժների ինքնակրթությանը, էթիկայի կանոններին և այլ խնդիրների:

Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծին հավանություն տալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել