Դավիթ Գալստյանը, ով հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, հայտարարություն է տարածել երեկ՝ փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված իր վերաբերյալ հաղորդագրության մասին, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղասգրվում է ծանր հանցագործություն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները:
Այնուամենայնիվ, դուրս չգալով նախաքննության մարմնի հայտարարությամբ բացահայտված տեղեկատվության շրջանակներից, ի շարս դրանում բերվող մեղադրանքների, սույն հայտարարությամբ կանդրադառնանք դրանից էական համարվող առնվազն մեկ հանգամանքի, որը կարծում եմ իրականացվել է այն նպատակով, որ հանրության շրջանում առաջացնի ավելի մեծ մտահոգություն և ապահվի հուզական հոգեվիճակ։
Ըստ հաղորդագրության, մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրեֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական /իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը/ կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։
Ինչպես նշեցինք նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը և այլն։
Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ :
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: