Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Կարեն Աթոյանն արժանացել է երկու պետական պարգևի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է Երախտագիտության մեդալ, իսկ Արցախի Հանրապետությունում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության հետ համագործակցելու, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների և հիվանդների տարահանման ու բուժօգնության միջոցառումների կազմակերպման գործում ունեցած մասնակցության համար՝ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով արժանացել է «Ռազմական համագործակցության համար» մեդալի: Պարգևները հանձնել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով անձնուրաց ծառայության համար:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Այսօր Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-25-ն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Նիստը վարել է նախարար Անդրանիկ Փիլոյանը: ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի համաձայն՝ Երևանում և մարզերում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Արձանագրված թերությունները և բացթողումները ներկայացվել են համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին, կազմվել են նշված թերությունների վերացման պլան-ժամանակացույցեր: Նախարարի հրամանով Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալվել են առաջնային օգնության կետեր՝ ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում ծավալվել է ժամանակավոր հենակետ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար: Հաշվետվություն են ներկայացրել նաև Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Նախարարը հանձնարարել է ակտիվորեն աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քաղպաշտպանության խնդիրների շուրջ:
Նիստի ավարտին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հայկ Մնացականյանին հերթական «փրկարարական ծառայության գնդապետ» սպայական կոչում է շնորհվել: