Վրաստանը հաստատել է պատվաստման ազգային ծրագիրը. ովքե՞ր են պատվաստվելու առաջինը

Վրաստանի կառավարությունը հունվարի 21-ի նիստի ընթացքում հաստատել է Covid-19-ի դեմ պատվաստման ազգային ծրագիրը: Շնորհանդեսն անցկացրեց Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Պատվաստվման ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանում առաջինը պատվաստվելու են առողջապահական համակարգի աշխատողները, որոնց պատվաստման մակարդակը կկազմի 65%: Ենթադրվում է, որ որոշ դեպքերում առողջապահության ոլորտի մասնագետը այլ որոշում կկայացնի կամ կունենա որոշ կողմնակի բարդություններ, ինչի պատճառով պատվաստում չի իրականացվի:

Պատվաստման ազգային ծրագրով նախանշված է, որ մինչև 2021 թվականի ավարտը պետք է պատվաստված լինի երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը: Նպատակին հասնելու համար 2021 թվականին անհրաժեշտ կլինի մոտավորապես 3,979,300 չափաբաժին (հաշվի առնելով իմունիզացիայի համար սահմանված կորուստները):

Ինչպե՞ս և որտեղ տեղի կունենա պատվաստումը.

Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանը «Կովաքս» հարթակին արդեն վճարել է որոշակի գումար 1,4 մլն չափաբաժին ստանալու՝ երկրի բնակչության 20 տոկոսի համար:

Ինչ վերաբերում է իմունիզացիայի համար նախատեսված ծախսերին, ապա ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ կլինի վճարել նվազագույնը 64,3 մլն լարի, առավելագույնը՝ 158,2 մլն լարի: Գումարի տարբերությունը կապված է պատվաստանյութերի գների հետ:

Պատվաստման ազգային ծրագրով նախատեսված պատվաստման փուլերը՝

Առաջին փուլ.

  • առողջապահական հատվածի աշխատակիցներ,
  • երկարաժամկետ խնամքի հաստատությունների շահառուներ ու աշխատակազմ,
  • 75 տարեկանից բարձր անձինք:

Երկրորդ փուլ.

  • 65-74 տարեկան անձինք և ռազմավարական ծառայություն մատուցողները,
  • 55-64 տարիքային խումբ,
  • 18-54 տարիքային խումբ, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ:

Երրորդ փուլ.

  • բնակչության այլ խմբեր։

Ընդհանուր հաշվով 2021 թվականին պետք է պատվաստվի 1,691,214 մարդ, երկրի չափահաս բնակչության 60 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել