Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել:
«Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել եւ գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետեւ տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը պատմել է՝ ինչպես են Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել Շուշիի մարտական գործողության վայրը։
«Երբ հասկացա, որ Շուշիի հետ կապված իրավիճակը բարդանում է, իսկ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որոշեցի, որ ես էլ պետք է գնամ Շուշի և աշխարհազորի կազմում մասնակցեմ այնտեղ ընթացող գործընթացներին։ Սկզբնական շրջանում մասնակցել եմ խրամատավորման գործընթացներին։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակվելու օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից հետո այնտեղ է գալիս նաև Արթուր Վանեցյանը։ Ասում է, որ իրենք զորախմբով եկել են Արցախ, պետք է գնային այլ վայր տեղակայվելու, եթե չեմ սխալվում, Մարտակերտ, բայց քանի որ ՊԲ հրամանատարությունը գտել է, որ այս պահին ավելի կարևոր է Շուշիում լինել, իրենց ուղարկել են Շուշի»,- պատմել է Քյարամյանը։