Արգիշտի Քյարամյանը պատմել է՝ ինչպես են Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել Շուշիի մարտական գործողության վայրը

Հանրային  հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը պատմել է՝ ինչպես են Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել Շուշիի մարտական գործողության վայրը։

«Երբ հասկացա, որ Շուշիի հետ կապված իրավիճակը բարդանում է, իսկ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որոշեցի, որ ես էլ պետք է գնամ Շուշի և աշխարհազորի կազմում մասնակցեմ այնտեղ ընթացող գործընթացներին։ Սկզբնական շրջանում մասնակցել եմ խրամատավորման գործընթացներին։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակվելու օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից հետո այնտեղ է գալիս նաև Արթուր Վանեցյանը։ Ասում է, որ իրենք զորախմբով եկել են Արցախ, պետք է գնային այլ վայր տեղակայվելու, եթե չեմ սխալվում, Մարտակերտ, բայց քանի որ ՊԲ հրամանատարությունը գտել է, որ այս պահին ավելի կարևոր է Շուշիում լինել, իրենց ուղարկել են Շուշի»,- ասում է Քյարամյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանին դիմավորում են՝ ուղեկցեկով կամ դեպի դպրոց, կամ համալսարանի շենք։ Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է։

«Հրամանատարությունը կապ է հաստատում Վանեցյանի զորախմբի հետ, առաջարկում է գալ և որոշակի դիրքում տեղակայվել։ «Հայրենիք» զորախմբից պատասխան են տալիս, որ մենք նոր ենք եկել և դեռ պատրաստ չենք մարտական գործողություններին մասնակցել։ Դրանից անցնում է որոշակի ժամանակ։ Շտաբից որոշում են, որ պետք է գնան և տեղում պարզեն, թե ինչ իրավիճակ է տիրում կոնկրետ մարտական գործողությունների ընթացքի վայրում»,- նշում է նա։

Քյարամյանը ասում է, որ այդ պարտականությունները ստանձնում է նախկինում հատուկջոկատային աշխատած մի գնդապետ՝ Սերգեյ անունով, նախկինում կրկին հատուկջոկատային աշխատած Վահե անունով երջանկահիշատակ մի մայոր, և ինքը նույնպես որոշում է, որ պետք է գնա։

«Այդ ընթացքում Սեյրան Օհանյանն ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել, որ վերջիններս գան և տեղակայվեն մարտական գործողություններին հարակից ինչ-որ մի վայրում։ Ես մի ոստիկանի հետ գնում եմ, հանդիպում եմ Արթուր Վանեցյանին, ներկայացնում եմ իրավիճակը, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է՝ խնդիր չկա, մենք պատրաստ ենք գնալ ցանկացած տեղում տեղակայվել։ Միասին վերադառնում ենք շտաբ։ Շտաբում խնդիր է դրվում, ինձ էլ առաջարկվում է ուղեկցել։ Ես համաձայնում եմ, միասին վերադառնում ենք զորախմբի տեղակայման վայր, մեքենաներով շարժվում ենք դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղակայվի զորախումբը»,- նշում է նա։

Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ այնտեղ իրենց դիմավորում է Արցախի ոստիկանապետը, որից հետո փոքր ջոկատներով գնում են տեղակայման վայր, որտեղ պետք է «Հայրենիք» զորախումբը խրամատավորվի․

«Սակայն այդ զորախումբը չի խրամատավորվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Չխրամատավորվելուց հետո զորախմբին ուղեկցում էր մի գնդապետ, որը նախկինում զորամասի հրամանատար է եղել, և ակնհայտ էր, որ այդ գնդապետը մեծ ցանկություն ուներ մասնակցելու Շուշիի պաշտպանությանը։ Մենք այդ գնդապետի հետ որոշում ենք, որ պետք է զորախմբից առանձնացված 10 հոգի կամավորների հետ բարձրանանք և դիմացի բարձունքում տեղակայվենք։ Այդպես էլ անում ենք»,- ասում է նա։

Քյարամյանը հիշում է, որ ճանապարհին մեկ այլ հարմար դիրք է նկատվում, ինքը վերադառնում է, որ որոշակի ուժեր բերի և այդ դիրքում ևս տեղակայի։

«Այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցներից մեկի ճկույթը վնասվում է, և երբ դիրքերից մեկում էլի զորախմբի ծառայողներից մեկը վիրավորվում է, այդ անձը քարիտակցի էր և որոշել էր, որ պետք է Քարին տակի պաշտպանությանը մասնակցի, ես «Հայրենիք» զորախմբի երկու անդամի հետ բարձրանում եմ, որ այդ վիրավորին իջացնեմ։ Այդ ընթացքում, երբ իջնում եմ այդ բարձունքից, պարզվում է՝ պարոն Վանեցյանն այլևս տեղակայման վայրում չէ։ Հետագայում իմանում եմ, որ շտաբում է գտնվում։ Մոտ 2-3 ժամ ես և այդ գնդապետը փորձել ենք տեղում իրավիճակը հասկանալ, այնուհետև գնդապետի առաջարկությամբ հետ ենք գնացել շտաբ, որպեսզի այդ անձը գնա Ստեփանակերտ և իր նախկին ծառայակից կռված տղաների հետ վերադառնա, իսկ ես փորձեմ տեխնիկական միջոցների ապահովմամաբ իրականացնել խրամատավորման աշխատանքներ»,- նշում է Քյարամյանը։

Նրա խոսքով՝ երբ վերադարձել են շտաբ, Վանեցյանն այլևս շտաբում չի եղել, այլ եղել է Ստեփանակերտում։

«Շուրջ մեկ ժամ հետո ես վերադառնում եմ զորախմբի տեղակայման վայր, այդ ընթացքում զորախմբից ընդամենը շուրջ երկու տասնյակ անձ է լինում տեղակայման վայրում։ Ես ողջ բնագծով քայլելով անցնում եմ, այդ ընթացքում տեսնում եմ զորախմբից մի տղայի, ով թշնամում դեմ հանդիման պառկած, ինքնաձիգն ուղղած վիճակում է գտնվում։ Հարցրել եմ, թե ով է Ձեզ տեղակայել այստեղ, ասել է՝ ոչ մեկը, ես ինքս, որից հետո հարցրել եմ որոշ հանգամանքներ և շարունակել եմ իմ գործառույթը։ Կարճ ժամանակ հետո ինձ նորից մոտենում է գնդապետը, ով ուղեկցում էր «Հայրենիք» զորախմբին և ռացիաներ է խնդրում»,- պատմում է Արգիշտի Քյարամյանը։

Ասում է՝ ինքը վերադառնում է շտաբ, ռացիաներ է ուղարկում, և հենց այդ ընթացքում Շուշի է գալիս մեկ այլ ստորաբաժանում․

«Ես զբաղված եմ լինում այդ ստորաբաժանման հետ հարցերով, և երբ արդեն մութն ընկել էր, գնդապետը վերադառնում է շտաբ և հայտնում, որ «Հայրենիք» զորախմբից տեղակայման վայրում այլևս որևէ անձ չկա, և ներկայացնում է, որ տվյալ իրավիճակում ինքը չի կարող Ստեփանակերտից եկած շուրջ 10-15 անձով իրականացնել այդ շրջանի պաշտպանությունը, որից հետո արդեն գիշերը ես և Պաշտպանության բանակի կողմից նշանակված համակարգող գնդապետը միասին բարձրանում ենք տեղակայման վայր և ստիպված այդ հատվածում տեղակայում ենք լրիվ այլ ստորաբաժանում՝ ոստիկանության զորքերի ստորաբաժանումը»,- ասում է Քյարամյանը՝ հավելելով, որ այդ օրը գիշերը ինքը և Սեյրան Օհանյանը եղել են նաև Ստեփանակերտում։ Այնտեղ բոլորն արդեն տեղյակ են եղել այդ պատմությունից, անգամ բազմաթիվ մարդիկ մոտեցել են իրեն և հարցրել եղելությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել