ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։
Հելեն Ֆեյզին նշել է, որ բրիտանական դեսպանությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել՝ ՏԿԵ նախարարության իրավասության ոլորտներում, մասնավորապես ՝ էներգետիկ ոլորտում, բրիտանական ներդրումներ ներգրավելու հարցում։
Փոխնախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է համագործակցել բոլոր ընկերությունների հետ, որոնք կայուն ներդրումներ կկատարեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մեջ»,- ասված է հայտարարության մեջ։