Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնում է.
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում այսօր ներկա եմ գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:
Իմ խոնարհումն ու վշտակցությունն եմ հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Հակոբ Հարությունյանին ԱՀ նախագահի կողմից հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին է հանձնվել «Ոսկե արծիվ» շքանշան:
Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարին տակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։
Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով»։



