Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ երևանյան շենքերից մեկի բնակարանում։ Փաստի կապակցությամբ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը»։
Կուտոյանը 2016 թվականի փետրվարին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, այդ պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: