«Մենք իրավունք չունենք այսքան հանգստանալու, այսքան չաշխատելու։ Մեր երկրի առջև մարտահրավերներն այնպիսին են, որ պետք է շատ աշխատենք, սա աներկբա է։ Առաջին բանը, որ ես արել եմ նախարար դառնալուց հետո, հարցրել եմ, թե ինչպիսին են հնարավորությունները հենց այս Նոր տարուն կրճատել հանգստյան օրերի թիվը»,- ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում։
Նա նշել է, որ հունվար ամսին մտցնելու են օրենքի այն նախագիծը, որով կրճատվելու է ամանորյա տոնական օրերի թիվը։
Վահան Քերոբյանը նաև ասել է, որ նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարացնելուն։
«Իրականում առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Դա որոշում չէ, դեռ առաջարկ է, մենք կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանանք որոշակիորեն այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել։ Բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի»,- նշել է նա։