63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Սա սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածով։
Իրավաբան.net-ը ներկայացնում է, թե ըստ նույն օրենքի 30-րդ հոդվածի՝ ինչ առանձնահատկություններ կան աշխատանքային ստաժը հարշվարկելիս։
Այսպիսով․
1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս երկարամյա ծառայության ստաժում հաշվարկվում են`
1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
3) վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռիչքային անձնակազմում մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.
4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.
5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:
2. Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:
4. Թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:
Օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները:
Ինժեներատեխնիկական ծառայությունում աշխատելու ժամանակաշրջանի մեջ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու և օդային երթևեկության կառավարման ծառայությունում աշխատելու ժամանակահատվածները:
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:
5. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածը:
6. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի կողմից կատարվող եկամտային հարկի չափով վճարումներ կատարած լինելու դեպքում: Սահմանված չափից պակաս եկամտային հարկ վճարած լինելու դեպքում աշխատանքային ստաժը համամասնորեն պակասեցվում է:
7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:
8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:
9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Կառավարությունը: