Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ովքեր կարող են օգտվել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից անվճար
1. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝
1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները,
2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
4) բռնադատվածները,
5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
8) մինչև 18 տարեկան երեխաներ,
9) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
10) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
11) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ,
13) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
14) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
15) զինծառայողներ և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներ,
16) սոցիալական փաթեթի շահառուներ:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու իրավունք ունեցող խմբերում ընդգրկված անձինք պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝
1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա. 8) սրտի կաթետերային աբլացիա,
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),
11) արթրոսկոպիկ վիրահատություններ,
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):
3. ՀՀ կառավարության 2014 թվականի թիվ 375-Ն որոշման N 2-րդ հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ բժշկական ծառայություններ հասանելի են նաև սոցիալական փաթեթի շահառուներին: