Նման բարդ պայմաններում յուրաքանչյուրիս պարտականությունն է լինել միասնական և համախմբված․ Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ամանորյա ուղերձով է հանդես եկել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովրդի համար այս տարին լի էր բազում դժվարություններով ու աննախադեպ փորձություններով: Կորցնելով իրենց սիրելիներին՝ այսօր շատ ընտանիքներ դիմավորում են Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները դառը վշտի և սգո պայմաններում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդին պարտադրված պատերազմը խլեց հազարավոր խիզախ հայորդիների կյանքեր, խեղաթյուրեց մեր առօրյան և ապառնալիքի տակ դրեց մեր համահայկական իղձերը:

Այսօր խոնարհվում ու հարգանքի տուրք եմ մատուցում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած յուրաքանչյուր զինվորի առջև՝ շարքայինից ու կամավորականից մինչև սպա, պահեստազորայինից մինչև թիկունքի պատասխանատուներ ու բժշկական ծառայություն իրականացնողներ: Ձեր սխրանքն ու հերոսությունը՝ հիրավի անգին են:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Միաժամանակ, 2020 թվականը նշանավոր եղավ համաշխարհային նոր համավարակի՝ Կորոնավիրուսի աննախադեպ տարածմամբ և մեծ մարդկային կորուստներով, որոնցից անմասն չմնաց նաև Հայաստանը: Վշտակցում եմ համավարակի պատճառով իրենց հարազատներին կորցրած բոլոր ընտանիքներին: Ամանորյա այս օրերին ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալության խոսքեր հղել առողջապահական առաջնագծում կանգնած մեր բոլոր բժիշկներին և ոլորտի այն աշխատողներին, ովքեր այս համավարակի պայմաններում դիմավորում են Ամանորն աշխատանքային պարտականությունները կատարելով:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հեռացող տարին նաև առանցքային էր Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած սահմանադրական վերջին փոփոխությունները և Սահմանադրական դատարանի դերը պետական կառավարման համակարգում: Այսօր Սահմանադրական դատարանն անշեղորեն կատարում է իր հիմնական առաքելությունը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ նոր տարում Սահմանադրական դատարանը ոչ միայն կշարունակի իրականացել սահմանադրական արդարադատություն ի շահ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև՝ կստեղծվեն պատեհ հնարավորություններ և պարարտ հող քաղաքացիների շրջանում բարձր դատարանի հեղինակության հետագա բարձրացման ու ամրապնդման համար, ինչը կնպաստի նաև՝ ընդհանուր առմամբ, դատական համակարգի հանդեպ վստահության մթնոլորտի կայունացմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թեև այս տարի ավանդական տոնական տրամադրությունը ստվերված է տարաբնույթ խնդիրներով, սակայն պետք է քաջ գիտակցենք, որ այս օրերին առավել քան երբևէ այժմեական է հիշել ու հոգ տանել մեր ընտանիքների, ընկերների ու մտերիմների մասին: Նման բարդ պայմաններում յուրաքանչյուր ջերմ և սրտաբուխ խոսքն ավելի արժեքավոր է քան երբևէ։ Նման բարդ պայմաններում յուրաքանչյուրիս պարտականությունն է լինել միասնական և համախմբված:

Թող 2021 թվականն իր հետ բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և ապագայի հանդեպ անկոտրում հավատ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել