Արգելվում է հասարակության մոլորեցումը

Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես` տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև արտադրության գործընթացի, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ:

Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:

Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել