Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում․ Վիտալի Բալասանյան

Արցախ TV-ին տված իր հարցազրույցում ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Երևան կատարած իր պաշտոնական այցին․

«Նպատակը եղել է հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ։ Երկու օր մենք աշխատանքներ ենք տարել։ Իհարկե, ես առաջարկել եմ պաշտպանության նախարարին, որ զեկուցի վարչապետին, եթե անհրաժեշտությունը կա, մենք հանդիպենք, և նախարարի պատասխանը հետևյալն էր, որ ինքը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և որևէ խնդրահարույց խնդիր չի եղել։ Ես երբևիցե չեմ հանդիպել այդ օրերին և խնդրում եմ այդ ասեկոսեների վերջը դնել»,- նշել է նա։

Խոսելով պատերազմի մասին՝ Բալասանյանն ասել է, որ կարող էինք խուսափել, սակայն ՀՀ քաղաքական իշխանության վարած քաղաքականությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սխալ է եղել, և անհրաժեշտ էր, որ Արցախի Հնարապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավի հետ։

«ՀՀ քաղաքական և ռազմական իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար։ Սա ամենակարևոր պատճառներից մեկն է։ Եվ ՀՀ քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի այլընտրանքը պատերազմն էր»,- նշել է նա։

Վիտալի Բալասանյանը նաև նշեց, որ թեև ասվում էր՝ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները բարվոք էին, բայց ինքն այդպես չի կարծում։

«Մենք ճկուն քաղաքականություն պետք է վարեինք հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, որը միշտ եղել է մեր ռազմավարական գործընկերը։ Մենք չկարողացանք, և սա մեծ պատասխանատվություն է ՀՀ քաղաքական իշխանության համար։ Այն չէ, որ ամեն ինչ կորցված է թե՛ Հյաստանի, թե՛ Արցախի համար։ Իմ գնահատականը հետևյալն է՝ Արցախի Հանրապետության տարածքն այժմ ավելի վատ վիճակում չէ, քան 1991, 1992, 1993 թվականի հունիսին, այսօր մենք պետք է ճիշտ վերլուծություններ անենք, դասեր քաղենք և սկսենք թե՛ ռազմական, թե քաղաքական գործընթացը թե՛ Հայաստնի հետ, թե՛ Ռուսաստանի հետ՝ որպես սյուբեկտ հանդես գալով»,- ասել է Վիտալի Բալասանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել