Դատավորների կենսաթոշակի, որպես անկախության սոցիալական երաշխիքի, իրավական բացերը՝ ՀՀ իրավական համակարգում

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որն անցկացվեց առցանց հարթակում։

Ձեզ ենք ներկայացնում մրցութային երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Նարե Սմբատյանի զեկույցը, որով անդրադարձել էր դատավորների կենսաթոշակին՝ որպես սոցիալական երաշխիք։

Առկա իրավական խնդիրը ներպետական իրավական համակարգում 

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 18062019թ ՍԴՈ-1463 որոշմամբ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում դատավորին կենսաթոշակ նշանակելու մասին իրավակարգավորումները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և 2019թ հոկտեմբերի 30-ից ճանաչվել են ուժը կորցրած և բոլոր դատավորները, ովքեր կավարտեն իրենց պաշտոնավարումը  պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով վերոնշյալ ժամկետից հետո կբախվեն իրավական անորոշության, որը փաստացի թոշակ ստանալու իրավունքը <<կկասեցնի>> մինչև օրենքում փոփոխություն կատարելը։

Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը 18062019թ հիշյալ որոշմամբ  Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հոկտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին։

Սակայն  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջների մասով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի կատարվել (1)։

Անհրաժեշտ եմ համարում վկայակոչել մի շարք ներպետական իրավական ակտեր և միջազգային պայմանագրեր՝ ընդգծելու դատավորի բարձր դիրքը, սոցիալական երաշխիքները, որոնք հիմք են տալիս ունենալ լեգիտիմ ակնկալիք՝ դատավորի պաշտոնին հարիր բարձր կենսաթոշակ ստանալու վերաբերյալ։ 

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է՝ դատավորի համար նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Նույն  հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

Համաձայն  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի՝  դատավորն ունի իր 65 տարին լրանալու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում և կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք: 

Ըստ էության դատավորի կենսաթոշակի բարձր չափը հիմք է տալիս ապահովելու դատական իշխանության անկախությունը, դատավորի կարգավիճակը, ինչպես նաև առանձնահատուկ կարևորում է դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալները։

ՀՀ Սահմանադրական դատարանն իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներում հիմնականում հանգում է հետևյալին.

1) դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կարգավորելիս չի կարող խախտվել դատավորի` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին՝ կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու միջազգայնորեն ընդունված սկզբունքը (ՍԴՈ-647) (2),

2) եթե կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով, և հետո այն վերացվել է, ապա անտեսվում են այդ անձանց` արտոնյալ կարգով կենսաթոշակ ստանալու լեգիտիմ ակնկալիքները (ՍԴՈ-723) (3),

3) եթե անձն արտոնյալ կարգով կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա, ապա պետության համար ծագում է պարտականություն` երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը (ՍԴՈ-723),  

    Դատավորի կենսաթոշակը հնարավորիս մոտեցնելն իր՝ որպես դատավորի, վերջին ստացած աշխատավարձի չափին հանդիսանում է միջազգային սկզբունք, որն իր արտացոլումն է գտել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում (6.4-րդ կետ) (4)։

Դատավորների անկախության սոցիալական երաշխիքների վերաբերյալ միջազգային չափորոշիչների համատեքստում 1998թ. ընդունված` «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի` դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ապահովման մասին 6.4 կետը սահմանում է «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է … ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նույն սկզբունքն է արտացոլված նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Rec(2010)12 հանձնարարականում:

Նշված մոտեցումներից բխում է, որ, մասնավորապես, խարտիան չի սահմանում դատավորի կենսաթոշակի առավել կոնկրետացված չափ և օգտագործելով «հնարավորինս մոտ լինի» բառակապակցությունը՝ հաշվի է առել տվյալ պետության սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակը: Սակայն դա չի նշանակում, որ ազգային մակարդակով իրավակարգավորումը կարող է շրջանցել միջազգային իրավունքում հանրաճանաչ այս կարևոր սկզբունքը: 

Դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը և դրա չափը, իրենց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են.

1 պլանավորել կյանքը և գործունեությունը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնավարումից հետո,

2 կաշկանդված չլինել կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններից։

Անձի կենսաթոշակ ստանալու լեգիտիմ ակնկալիքին անդրադարձել է Եվրոպական դատարանն այն մասով,  որ եթե աշխատելու ընթացքում անձը կատարել է սոցիալական ապահովության համակարգին համապատասխան սահմանված բոլոր անհրաժեշտ ներդրումները, ապա նա լեգիտիմ ակնկալիք է ունեցել ստանալու կենսաթոշակ՝ կենսաթոշակի նշանակման պահին գործող օրենսդրությամբ սահմանված պայմաններով (5): Ճանաչված լեգիտիմ ակնկալիքը և գույքային շահերը՝ սահմանված Կոնվենցիայի մասնակից պետության օրենսդրությամբ, կիրառման պահին չեն կարող համարվել գոյություն չունեցող այն փաստի ուժով, որ հետագայում կատարվել են մեթոդական կամ այլ փոփոխություններ: Պետությունների անկախությունը այս ոլորտում չի կարող գնալ այնքան հեռու, որ մեկ անգամ անձին տրված իրավունքը ետ վերցվի (6): Օրենքի գերակայությունը և տրամադրված իրավունքների ու լեգիտիմ ակնկալիքի նկատմամբ հետադարձ ուժի կիրառումը պետք է բացառվի սոցիալական բարեփոխումներ իրականացնելիս:

Այսպիսով վերոշարադրյալի վերլուծությունից գալիս ենք այն եզրահանգմանը, որ դատավորի բարձր կենսաթոշակը ոչ թե արտոնություն է, այլ օրենքով, միջազգային իրավական ակտերով երաշխավորված սոցիալապես ապահովության իրավունք, որը վերջինիս համար հանդիսանում է անկախության երաշխիք։ Դատավորը պաշտոնավարելիս ունեցել է լեգիտիմ ակնալիք, որ պաշտոնավարումից հետո կստանա բարձր կենսաթոշակ, որ ըստ էության իր համար հանդիսացել է նաև զսպող մեխանիզմ իր անկախության երաշխավորման համար, սակայն պաշտոնավորումից հետո բախվում է մի խնդրի, որը ներկա պահին  իրեն զրկում է ստանալու միակ եկամտի աղբյուրը՝ այն է կենսաթոշակը։

Օրենքի սույն հոդվածի  հակասահմանադրականության պատճառը և ՀՀ օրենսդիր իշխանության քայլերը սույն խնդրի լուծման հարցում

Հայաստանի հանրապետության վարչական դատարանը դիմում էր ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության՝ «առնվազն 10 տարի» ձևակերպման մասով՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Դիմողի կարծիքով օրենսդիրը տարբերակում է դրել 01.07.2014 թվականի դրությամբ պաշտոնավարած և պաշտոնում 10 տարի պաշտոնավարած անձանց համար կենսաթոշակի հաշվարկման (չափի) և 01072014 թվականի  թվականից հետո դատավորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարման ժամկետը լրացած անձանց միջև։ 

Դիմողը կարծում է, որ սույն նորմը  01.07.2014 թվականի դրությամբ պաշտոնում 10 տարի պաշտոնավարած անձանց համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, համապատասխանաբար 01072014 թվականի  թվականից հետո դատավորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարման ժամկետը լրացած անձանց մասով էլ ստեղծում է հայեցողական լիազորություն, որը ըստ էության հանդիսանում է «չարդարացված խտրականություն» (7):

Արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանը սույն օրենքի 9-րդ մասի դատավորներին վերաբերելի դրույթները ճանաչեց  ՀՀ Սահմանադրությանը հակասող (8)։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (9) (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում (10):  Մասնավորապես, առաջարկվում է  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» 57-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր, պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:»: 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եվ փոփոխություններ կատարելու մաuին օրենքով նախատեսվում են փոփոխել հետևյալ դրույթները

1 Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «անձի» բառից հետո լրացնել «բացառությամբ դատավորների» բառերը:

2     Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

3․     Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Եթե սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն մասով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը:»:

Նշված նախագծում հեղինակները նշել են, որ «Ներկայում դատավորների կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, ընդ որում ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումը, որով հակասահմանադրական էին ճանաչվել վերը նշված օրենքի մի շարք հոդվածները, մինչ օրս իրացված չեն։

Դատավորի կենսաթոշակի հաշվարկման չափը պետք է լինի հստակ եւ կայուն, ինչպես օրինակ նախատեսված է «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով եւ ի կատարումն ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշման՝ պետք է նախատեսված լինի բացառապես օրենքով:

Բացի այդ դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը տարբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված հաշվարկման կարգից, որը հաշվարկվում է (….) Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով (ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդված, 3-րդ մաս): Մինչդեռ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը»։

Վերոշարադրյալ նախագծերով առաջարկվող կարգավորման բնույթը հետևյալն է«Ներկայացված նախագծերի փաթեթը ողղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը: Մասնավորապես առաջարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից»։

Այսպիսով, սույն օրենքի նախագիծի հեղինակները դեռևս 13․11․2020թ․-ի հետ են վերցրել օրենքի նախագծները և նոր տարբերակները դեռ չեն ներկայացրել։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը մինչև օրս չի կատարվել, և 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո մի շարք դատավորներ, հասելնելով օրենքով սահմանված տարիքին կենսաթոշակի անցնելու համար, բախվել են սույն իրավական բացին՝ զրկվելով իրենց ապրուսի միակ աղբյուրից։

Ամփոփելով վերոշարադրյալը անհրաժեշտ է փաստել, որ դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը և դրա չափը, իրենց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են պլանավորելը արժանապատիվ ծերությունը, եկամտի միակ աղբյուրը և պաշտոնավարման ժամանակ կաշկանդված չլինել անհարկի ազդեցություններից՝ պահպանելով դատավորի անաչառությունը և անկախությունը։

Պետությունն էլ իր հերթին անձին սոցիալապես ապահովելու ուղղակի պարտականություն ունի, որը այնքանով որքանով համապատասխանում է պետության տվյալ պահի տնտեսական զարգացվածության աստիճանին: Պետության ջանքերը պետք է ուղղված լինեն իր բնակչության համար բավարար կենսամակարդակ և սոցիալական ապահովության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ տնտեսական ու այլ հիմքեր ձևավորելուն։

Հիմք ունենելով վերագրյալը՝ կարծում եմ պետությունը պետք է իր պարտավորությունների շարքում չերկրորդի դատավորների կենսաթոշակին վերաբերող օրենսդրական բացը և հնարավորինս շուտ լուծի խնդիրը՝ ապահովելով դատավորներին արժանապատիվ ծերություն ունենալու իրավունքով։

Գրականության ցանկ 

1 ՀՀ Սահմանադրություն 

2․ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենք Պ-679-30.06.2020-ՊԻ-011/0

3․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եվ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եվ փոփոխություններ կատարելու մաuին օրենքով Պ-6791-30.06.2020-ՊԻ-011/0

3  http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=58806

4 https://rm.coe.int/opinion-no-1-ccje-armenian-1-2001-/16808e6440

5  Ստեկը և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության և Վիեթորեկն ընդդեմ Լեհաստանի

6․ ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 18-ի որոշում

7․ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131927

ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թ. սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-647

8  https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=41434 ՀՀ Սահմանադրական դատարանի 15012008թ  ՍԴՈ 723

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել