Շատ անսպասելիորեն ՊՆ-ից հրաման իջեցվեց՝ թողնել դիրքերը և անցնել ՀՀ սահման, ինչը մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացրել. թշնամին բնակելի հատվածից 100 մետր է հեռու․ Կապանի համայնքապետ

Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Այս մասին Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Մենք արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Ասում եմ՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև, ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք և աջակցություն չունեինք Կառավարությունից և մյուս ոլորտներից: Այդ ժամանակ գեներալ Դավթյանից մենք ցուցում ստացանք, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, և թե՛ սահմաններից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Բնականաբար մենք ընտրեցինք, այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրից հեռու էր անվտանգության գոտի ապահովվելու համար: Թեժ մարտեր ընթացան Կապանում և Դավիթ Բեկում և այլ վայրերում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով դիմագծերը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմն հայտարարության առաջին կետում նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, և իրենք մնացել են նույն տեղում՝ ապահովվելով իրենց բնակավայրերի անվտանգությունը․ «Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրաման իջեցվեց, որ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք և անցեք ՀՀ սահմաններ, որը իրականում կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Զբաղեցնելով ՀՀ սահմանի վրա դիրքեր, այժմ Սյունիքից թշնամին գտնվում է բնակելի հատվածի 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա և այդ բնագծերը զիջելու հետևանքով լուրջ խնդիր է առաջացել, դրանք շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,- ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել