Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,-ասաց Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները: «Ասում են՝ հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել