Դեկտեմբերի 17-ի երեկոյան վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ հետևել տոնակատարությանը հնարավոր էր առցանց՝ ուղիղ եթերով:
Միջոցառման ընթացքում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նաև դիմել է բնակչությանը, շնորհավորել Բարբարոբա տոնի կապակցությամբ: Կախա Կալաձեն խոսել է նաև կորոնավիրուսի մասին, «բոլորս միասին պետք է պատերազմ հայտարարենք պանդեմիային»,- ասել է նա:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նա նշել է նաև, որ նոր տարվա հետ կապված` Վրաստանում հնարավոր է կրճատվի «պարետային ժամի» տևողությունը։
Կախա Կալաձեն չի բացառել, որ տեղաշարժի արգելքը հնարավոր է գործի 21:00-ի փոխարեն 23:00-ից կամ կեսգիշերից։ Վերջնական որոշում միջգերատեսչական խորհուրդը կընդունի մեկ շաբաթից։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ից գիշերային ժամերին դրսում տեղաշարժն արգելվեց Վրաստանի խոշոր քաղաքներում (Թբիլիսիի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Զուգդիդի, Գորի, Փոթի)։ Խախտման համար 2000 լարի տուգանք է նախատեսված։
Ըստ կառավարության երկամսյա պլանի` Վրաստանի բնակիչների համար 2 անգամ բացառություն կարվի. դեկտեմբերի 31-ին և հունվարի 6-ին գիշերը կարող են գիշերը դուրս գալ տնից։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բնակիչներին կոչ էր արել տոները հնարավորինս համեստ նշել` առանց մեծ կերուխումների։
Ներկայումս Կորոնավիրուսի պատճառով երկրում փակ են ժամանցի բոլոր կենտրոնները, ռեստորանները, բարերը։
Ավանդական ամանորյա միջոցառումները չեղարկվել են։ Այս տարի չի անցկացվի նաև Սուրբ ծննդյան տոնավաճառը։
Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը կանջատվեն պարետային ժամի ընթացքում։