Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջողներին մի հուշում, պահանջը փոխել՝ արտահերթ ընտրություններ․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիշերային տեռորից հետո մի քանի արձանագրում.
Մինսկի խմբի համանախագահների մերժված այցը Բաքու, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները մեր տիրապետության տակ մնացած Հադրութի վերջին գյուղերի շուրջ, ռուս խաղաղապահների պոստֆակտում շատ կանխատեսելի արձագանքը, հնարավորությունների ահռելի շերտ են պարունակում հայկական կողմի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր սպասվող այցի շրջանակներում: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այս կոնֆլիկտում ներգրավված մնալը, տարածաշրջանում ակտիվ ներկայությունը, կախված է միմիայն որքան էլ տարօրինակ է պատերազմում պարտված հայկական կողմից:

Ակնհայտորեն, արտաքին և ներքին շատ որոշակի շրջանակներ համաձայնեցված և ներդաշնակ կերպով Մինսկի խմբի այցից առաջ իրականացրին այնպիսի մեդիաահաբեկչական արշավ իշխանության դեմ, որի ազդեցությունը, առանց չափազանցության, հավասարազոր էր նոյեմբերի լույս 10-ին բոլորիս ապրած շոկին:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում որևէ անձ, լինի Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, Քոչարյանը, Չակ Նորիսը կամ Ռեմբոն, Հայաստանի վիճակը, Արցախի անվտանգային միջավայրը այս փուլում չի կարող փոխել: Այդ փոփոխությունը մեկնարկելու է ներսում մեր խելքի գալու պահից: Բայց արտաքին՝ բոլորիս համար հայտնի կենտրոնի շատ որոշակի շրջանակներ, ներքին ոչ պակաս հայտնի համախոհների մասնակցությամբ, Հայաստանի գործող իշխանությանն ու պատասխանատուներին անընդմեջ հարվածների տակ է պահում, մի նպատակով՝ թույլ չտալ նվազագույն դիմադրություն:

Ստեղծված իրավիճակը, հասարակությանը պերմանենտ տեռորի ենթարկելու առիթներ Ալիևը իր արսենալում շատ ունի: Չգիտեմ, թե իշխանությունն ու մենք՝ որպես հասարակություն որքան դիմանալու ռեսուրս ունենք, բայց ակնհայտորեն անթույլատրելիի սահմանին ենք…
Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջողներին մի հուշում՝ արագ արդյունքի հասնելու համար պետք է պահանջը փոխել՝ արտահերթ ընտրություններ: Եթե դույզն ինչ չափով ձեզ համար դեռ կարևոր է Հայաստանի պետականությունը, ապա սա է միակ միջոցը, որի դեմ շատ համակարգված, թշնամու հետ համաձայնեցված, ուժային կենտրոններից մեկի հետ սինխրոն աշխատում են ներքին «ընդդիմադիր» շրջանակները:

Փաշինյանի թիմը նրան արժանի փոխարինող չունի, և այս իրավիճակում նրան հրաժարեցնելը և ցանկացած այլ՝ դրսից թեկնածուի ընտրությունը կործանարար է լինելու Հայաստանի համար: Կրթության նախկին նախարարներից մեկի կողմից Փաշինյանին ընտրած և այսօր նրան անվերապահորեն պաշտպանող ժողովրդին ժեխ անվանելը միայն ավելի է ամրապնդում Փաշինյանի դիրքերը, որովհետև այդ ժողովուրդը հենց նախկինների ոհմակից պաշտպանվելու միակ ու վերջին հնարավորությունը տեսնում է Նիկոլի մեջ, հետևաբար այս իշխանությունը կդիմանա այնքան, որքան դուք կմնաք հրապարակում, որքան ձեր հեղաշրջման փորձերը ժողովուրդը կհամարի իրական և իրագործելի:
Հասկանում եմ նաև, որ թիրախը սահուն կերպով Փաշինյանից անցնում է նրան պաշտպանող ժողովրդին: Դա ոչ միայն չի լուծելու իշխանության փոփոխության հարցը, այլ ավելի է մեծացնելու է ներհասարակական դիմակայությունը՝ նոր անդառնալի հետևանքներ առաջացնելով մեր երկրի համար: Վկան ԱՄՆ 2016-ի ընտրությունները, դրանում լյումպենի հաղթանակը և հասարակության այդ սեգմենտի դեմ դասական քաղաքագիտական միջոցներով պայքարելու էլիտիստական դեմոկրատների անկարողությունը:

Ազգային ժողովը ամբողջությամբ, Իմ քայլը» և ընդդիմադիր ուժերը առանձին-առանձին, իրավունք չունեն Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ ընտրել: Հեղափոխական փոփոխությունները պաշտպանելու համար ԱԺ-ում հայտնված ուժերից և ոչ մեկը ժողովրդից այդպիսի մանդատ չի ստացել: Այդպիսի ընտրությունը հեղաշրջում է՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Եվ վերջինը՝ նրանք, ովքեր Հայաստանում և Հայաստանից դուրս պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, միշտ են մերժել նրա քաղաքական ողջ գործունեությունը, նրա ղեկավարած հեղափոխությունն ու իշխանության գալը: Այդտեղ նորություն չկա: Շատ փոքր բացառություններով թերևս, այդ շրջանակներից որևէ մեկը թաքուն կամ անթաքույց պաշտպանել է նախկին իշխանություններին և շարունակում է նույնն անել, և նրանց պահանջի մոտիվը հաստատ հայրենիքի նկատմամբ անանց սերը չէ:

Իրականում սա դրսից և ներսից կազմակերպված ահաբեկչություն է հայ ժողովրդի նկատմամբ, որը 2018-ին, սխալ կամ ճիշտ, բայց որոշեց առաջին անգամ իշխանություն ԸՆՏՐԵԼ: Սա վրեժ է մեր ճակատագիրը որոշելու, մեր ընտրելու իրավունքի դեմ: Ուրիշ ոչինչ:
Իրավամբ այսպես հնարավոր չէ շարունակել, թեև վստահ եմ, որ կշարունակենք մինչև Երևանի կենտրոնում առաջին կրակոցը, առաջին թափված արյունը… դրանից հետո արդեն իրապես պետք է պատրաստ լինել մոռանալ Սյունիքի հետո Սևանի ու Երևանի մասին…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել