ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են:
«Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն:
«Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների: ԱԺ նախագահն արդեն վերադարձել է աշխատանքի: