Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հերքման պահանջ
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում եմ, որ հանդիսանում եմ «Մեր բակը» մանկապարտեզի և վերջինիս հիմնադիր-տնօրեն Լուսինե Հայրապետյանի փաստաբանը։ Անցնող շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ մանկապարտեզում դայակները ծեծում են երեխաներին, որ մանկապարտեզի տնօրենը կաշառք է առաջարկել ծնողներից մեկին ծեծի պահը արձանագրած ձայնագրությունը չհրապարակելու համար։ Բացի այդ՝ շրջանառվել է նաև այն լուրը, որ մանկապարտեզը չունի գործունեության լիցենզիա։
Հայտնում եմ, որ հրապարակվածը ապատեղեկատվություն է և արատավորում է «Մեր բակը» մանկապարտեզի և Լուսինե Հայրապետյանի գործարար, բարի համբավը և հանդիսանում է զրպարտություն։
Այսպես՝
1․ Ծեծի մասով։ Նշված ծեծը կրել է լոկալ բնույթ։ Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, իսկ երեխային ծեծի ենթարկած 2 աշխատակիցները հեռացվել են աշխատանքից։ Մանկապարտեզը և Լուսինե Հայրապետյանը հետամուտ են լինելու, որ աշխատակիցը ստանա արժանի պատիժ։ Մանկապարտեզում ծեծի զանգվածային դեպքեր առկա չեն, մինչդեռ մամուլում փորձ է արվել այդպես ներկայացնել։
2․ Կաշառք առաջարկելու մասով։ Հրապարակված ձայնագրությունը, որտեղ ծնողին կաշառք է առաջարկվում լռության դիմաց չի համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս՝ որպես տնօրեն խոսացող կինը չի հանդիսանում Լուսինե Հայրապետյանը կամ մանկապարտեզի հետ փոխկապակցված անձ։
3․ «Մեր բակը» մանկապարտեզը գործում է որպես օրենքով նախատեսված կարգով գրացված մանկական զարգացման կենտրոն (ինչպես մյուս մասնավոր կենտրոնները)։
Այսպիսով՝ խնդրում եմ սույն հրապարակումը դիտարկել որպես Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով նախատեսված հերքման պահանջ և տեղադրել այս հայտարարությունը, մասնավորապես հերքելով՝ որ
1 Մանկապարտեզում ծեծում են երեխաներին,
2․ Լուսինե Հայրապետյանը կաշառք է առաջարկել ծնողին,
3․ Մեր բակը մանկապարտեզը գործում է ապօրինի»։
Նշենք, որ «Մեր բակը» մանկապարտեզում երեխաներին ենթադրյալ ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ «Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ոստիկանությանը հաղորդում էին ներկայացրել ` մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ տարածված ձայնագրության առնչությամբ: «Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատել էր և ոչ էլ հերքել երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը: