Մեսրոպ Առաքելյանը զրուցել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 9-ին հեռավար ձևաչափով զրուցեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես կողմերը քննարկեցին սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:

Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը:  Նախարարը կարևորեց բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր: Նա հույս հայտնեց, որ Արցախում առաջիկայում կվերականգնվի տնտեսական և սոցիալական կայունությունը ի և վստահեցրեց՝ Արցախի վերաբնակեցումը կապված է ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հետ:

Աննա Կարին-Օստն էլ իր հերթին ներկայացրեց համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն:

Կողմերը հույս հայտնեցին, որ նախատեսվող երկարաժամկետ ծրագրերը հնարավորություն կտան ոչ միայն թեթևացնել արցախցիների դժվարությունները Հայաստանում, այլև կստեղծեն նախադրյալներ վերջիններիս՝ Արցախ վերադարձալու համար:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը՝ տրամադրվող աջակցությունների հասցեականությունն ու նպատակայնությունը բարձրացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել