Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել կործանարար աղետի զոհ դարձած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների հիշատակին։
Ավերիչ երկրաշարժի հետևանքով հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին մայր Հայաստանի մի շարք բնակավայրեր, ամայացան երբեմնի ծաղկուն քաղաքներն ու գյուղերը, անօթևան մնացին հարյուր հազարավոր մարդիկ։ Ցավը խորն էր, վերքերն անբուժելի։
Սակայն մեր ժողովուրդն արդեն որերորդ անգամ կարողացավ ուժ գտնել իր մեջ և հաղթահարել պատուհասած փորձությունը, կարողացավ շտկել ճակատագրի հուժկու հարվածից կորացած մեջքը և շարունակել ապրել ու արարել, ինչպես իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում»։