Բաղդասարյանը, լուրն առնելուն պես ու ցավը ծանրացնելով ուսերին, բացակայեց մեկ օր․ հերոս որդուն հողին հանձնեց, շարունակեց կռիվը․ Դավիթ Դավթյան

«Զինուժ» մեդիայի լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ աջ կողմում` փոխգնդապետ Բաղդասարյանն է: Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը: Կռվում` իր ուղղության հրամանատարն ու զինվորի ընկերը: Երկու տասնամյակից ավելի է խրամատում է, ասելն ու լսելը մի քանի վայրկյանի տևողություն ունի. ծառայելը` քսան և ավելի տարիներ:

Վերջին անգամ պատերազմի օրերին եմ հանդիպել, Արցախի ճակատային առաջնագծում, հենակետում էր ապրում, այնտեղ էր գիշերում: Փառք իրեն, այսօր մեր կողքին է: Գրառումը` որդու մասին է:

Երևի հոր զինծառայությունն ու քառորդդարյա առաքելությունն իր ամբողջ պարտքը չէր: Որդու կյանքն էր: Հայրը Ասկերանի, Ակնայի դիրքերում էր, որդին Թալիշում: Ռոբերտը զոհվեց: Զոհվեց հայրենիքը պահելով, զոհվեց կռիվ տալով:

Ու կռվի ամենաթեժ օրերին: Հերթական գործողությունից հետո, Բաղդասարյանը լուրն առնելուն պես ու ցավը ծանրացնելով ուսերին, բացակայեց իր զորքից գեթ մեկ օր: Հերոս որդուն հողին հանձնեց, կրկին շարունակեց կռիվը: Խոսքերն այս դեպքերում ուժը կորցրած պետք է ճանաչել, ի՞նչ խոսել: Հրամանատարը մեկ օր անց` խրամատում էր ու մինչև վերջին օրը զինվորից չհեռացավ, իր որդիներից չհեռացավ: Կարող էր չվերադառնալ մարտի, հորդորել էին չգալ: Գոնե մի քանի օր հաղթահարել ցավն ու կսկիծը: Բաղդասարյանն իր ամենամեծ ցավը լռեցրեց անմիջապես` զենքը ձեռքին խնդիր կատարելով:

Հայի այս տեսակին հակիրճ շնորհակալ լինելը ժուժկալություն է, գենից հեռանալու քողարկված հնարավորություն: Նրան, այսպիսի տղաներին ամեն օր հիշել է պետք, ամեն օր ու յուրաքանչյուրին պատմել է պետք, նրանց մասին վավերագրել է պետք ու փոխանցել է պետք: Նրանց` մեծարել ու նրանցից սովորել է պետք: Հայրենիք, նրանց պես, սիրել է պետք:

Հուլիսին արված այս լուսանկարն ինձ կրկնակի է ցավեցնում, այս խաչից իմ հեռավորությունն է ցավեցնում, Վանքասարին մոտենալու անհնարինությունն է ցավեցնում: Հրամանատարն ինձ ուղեկցեց այստեղ, այս բարձունք, աղոթքի ու նվիրումի:

Այս իրականության հետ որևէ կերպ և որևէ ժամի համակերպվել չի ստացվում: Վանքասարն այսօր խոցված է, ինչպես հրամանատարը, ինչպես` մենք:

Փոխգնդապետ Բաղդասարյան, ազգդ քեզ ճանաչելու է, որդուդ ճանաչելու է, որդուդ ու հողիդ կորուստը ցասման է վերածելու:

Իրական հերոս,
Պատիվ ունեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել