Հայագիտությունը փոքր ինչ ընկրկել է ազերիների ստեղծած կեղծ տեսությունից, որը ազերներին համարում է աղվանների հետնորդը․ Համլետ Պետրոսյան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նորից աղվանական սինդրոմի մասին:

Աղվանական` չի նշանակում ադրբեջանական: Այո՛, դարեր շարունակ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները ներառված են եղել Աղվանից եկեղեցու կազմում: Այդ եկեղեցին ներառում էր ինչպես Կուրի ձախափնյակի մի շարք քրիստոնյա էթնոսներ (որոնցից այսօր քրիստոնյա են մնացել միայն ուտիների մի մասը), այնպես էլ Կուրի աջափնյակի հայությունը` ի դեմս Արցախի և Ուտիքի:

Եվ հենց եկեղեցական կառույցի իմաստով է, որ երբեմն Աղվանք են կոչել նաև Արցախն ու Ուտիքը: Հայերը եղել են Կովկասյան Աղվանքում քաղաքակրթական իմպուլսի տարածողները, Կովկասում առաջին քրիստոնյա քարոզիչները, աղվանական գրի ստեղծողները, նրանց բախտակիցն ու բարեկամը: Տարածաշրջանի պատմական հոլովույթում չի եղել մի որևէ այլ ժողովուրդ, որ աղվանական էթնոսների կյանքում ունենար այնպիսի մշակութային-քաղաքակրթական դերակատարում, ինչպիսին որ ունեցել են հայերը:

Ցավոք, հայագիտությունը փոքր ինչ ընկրկել է ազերիների ստեղծած կեղծ տեսությունից, որը ազերներին համարում է աղվանների հետնորդը: Բացարձակ սուտ: Արաբական, սելջուկյան, ապա և թուրքական զանազան ավարառու ցեղերն ուղղակի ջնջել են աղվանական ու հայկական ամեն ինչ, ինչպես որ վարվում են այսօր ադրբեջանցիները:

Աղվանից կաթողիկոսությունը գոյատևել է մինչև 19-րդ դար և նրա այսրկուրյան իրական ժառանգորդներն այսօր ողջ տարաշածրջանում Արցախի և Ուտիքի հայությունն է, ինչպես որ անդրկուրյան տարածքում` ուդիները: Մեր եղբայր ուտիները, որ հայերի հետ կիսել են քրիստոնյաների դառը ճակատագիրը, լավ կանեն, որ շարունակեն աղոթել անդրկուրյան այն սրբարաններում, որ իրենց ժառանգություն է հասել, ու չտրվեն ադրբեջանական սպեկուլյացիաներին ու չխախտեն դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:
Արցախում և Ուտիքում հայտնի հազարավոր քրիստոնեական հուշարձանների վրա սկսած նրա սկզբնավորումից մինչև մեր օրերը չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք: Չկա նույնիսկ մեկ աղվաներեն տառ: Կան հայկական հուշարձաններ` հազարավոր հայերեն արձանագրություններով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել