Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Երևանի Աբովյան փողոցում:
Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Քաշաթաղի կամ Լաչինի շրջանը, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին: Մինչև վերջին օրերը հստակ տեղեկատվություն չկար՝ Բերձոր քաղաքը մնալու է Արցախը Հայաստանին կապող միջանցքում, թե դա էլ է հանձնվելու: Այդ անորոշության պատճառով է, որ բնակիչների մի մասը լքել է տարածքը՝ իր հետ տանելով կահկարասին, որոշ դեպքերում՝ տան կտուրը, դռները, պատուհանները և ինչ հնարավոր է:
Նոյեմբերի 27-ին Քաշաթաղի Բերձոր, Աղավնո-Սուս համայնքների բնակիչների տարհանումը կանգնեցվեց։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը հաղորդեց, որ այդ բնակավայրերը հայկական կմնան։ Չնայած հավաստիացումներին, որ Բերձորը և Աղավնոն հայկական եմ մնալու, բնակիիչները հիմնականում դուրս են եկել բնակավայրերից:
Բերձորի բնակիչ Թաթոսյան Նելին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի հիմնական նպատակը պատասխան ստանալն է՝ Բերձորը հայկական է մնալու, թե՝ ոչ։
«Եթե Բերձորը հայկական է, ուրեմն ինչո՞ւ չեն բարձրաձայնում։ Պաշտոնական հայտարարությունները իրարամերժ են»,-նշեց նա։
Թաթոսյանի խոսքով՝ բնակավայրում ենթակառուցվածքները չեն աշխատում, այնտեղ ապրել այս պահին անհնարին է։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։