Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է RiaNovosti-ն:
«Այս տարածքի պատկանելիությունը շատ վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե փոխվել է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հայտարարությունից հետո:
«Եվ նախագահ Պուտինն ասել է, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին»,- հիշեցրել է Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։