Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հաստատել է բանաձև, որը դատապարտում է «Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և կոչ է անում շուտափույթ որոշել վերջնական կարգավիճակը»:
Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 2-ին:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ինչպես նշված է բանաձևում, «նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծել լուրջ խնդիրներ տարածաշրջանում»: Խորհրդարանականները դատապարտում են «Թուրքիայի ու օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան»: Նրանք նաև կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին:
Բացի այդ, պատգամավորները հորդորում են ամեն ինչ անել, որ Թուրքիան այլևս չխառնվի Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և «դադարի տարածաշրջանում ապակայունացնող դեր խաղալ»:
Խորհրդարանականները կարծում են նաև, որ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է միջազգային ներկայություն ՝ «խաղաղության պահպանմանն աջակցելու և ռազմական հանցագործությունները հետաքննելու համար»: Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը Եվրամիության հետ միասին հումանիտար օգնություն տրամադրել արցախցի փախստականներին:
Փաստաթուղթը պարունակում է նաև կոչ ՝ առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղում կատարված պատերազմական հանցագործությունները հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ են անում նաև վերադարձնել գերիներին և հակամարտության ընթացքում սպանվածների մարմինները՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի:
Այժմ բանաձևը պետք է դաշնային խորհրդարանի կողմից հաստատվի լիագումար նիստում, որից հետո փաստաթուղթը կուղղվի Բելգիայի կառավարությանը: