Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մեկնարկել է Սերժ Սարգսյանի ողբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը։
Նիստը նախագահում է դատավոր Վահե Միսակյանը։
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը․
«Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018 թվականի Արտեմ Պետրոսյանի միջոցով Նարեկ Սարգսյանից ստացած ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այդ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, այնուհետև դրանք առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանին հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին որպեսզի պայուսակում թաքցված վերը նշված թմրամիջոցները փոխադրի և պահի իր կողմից նախապես վարձկալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ. Արտեմ Պետրոսյանի միջոցով ստացած` Նարեկ Սարգսյանի ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես նաև Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 67/1 հասցեի գտնվող իր աշխատասենյակի <> գրառմամբ չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի, թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սև գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերի 0,031գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց կոկային տեսակի թմրամիջոցի հետևանքով մետաղական կառուցվածքի, գլանաձև առարկա, ինչպես նաև կոկոյին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղանկյունաձև առարկա, որոնք 04.07.2018թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
2019 թ-ի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից Հայաստան տեղափոխվեց։
2020 թվականի նոյեմբերի 13-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից։