Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։
Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։
Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը պարտավոր են խոսել, պարզաբանեն ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:
Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է»։