Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը․ Փաշինյանը՝ տիկնոջ առաջնագծում գտնվելու մասին

«Հերոսական կռիվ են տվել նաեւ 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ:

Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր: Չէի իմացել: Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով՝ այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է: Եւ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերը, ըստ կարգի, դեռ կպարզաբանվեն:

Բայց սա չէ ասելիքիս բուն իմաստը, ասելիքիս բուն իմաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունը ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով: Ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի կռիվ տվող զինվորին, այն զինվորին, որոնց մասին ես ասում էի՝ ովքեր մինչեւ վերջին պահը անառիկ են պահել իրենց դիրքը, իրենց գիծը»,-այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց նոյեմբերի 27-ի տեսաուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել