Թուրքագետ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին, օրերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան` սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
Իսկ հիմա նայեք, թե մեր պետության պատասխանատուներն ինչով են զբաղված: Էդ մարդկանց շնորհիվ Հայաստան պետությունը կորցնում է զարգացման որևէ հնարավորություն նույնիսկ հեռավոր ապագայում: Հայաստան պետությունն ազատ անկման մեջ է ու մենք լուռ հետևում ենք դրան:
Վա՜յ մեզ»:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:
«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը:
Նա պարզաբանեց խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»: