ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:
Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նմանատիպ <<վարքագծի>> զոհ են դարձել նաև այլ պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:
Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:
2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։
Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա»։