Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է տարածել փոխվարչապետի գրասենյակի աշխատակիցների պարգևատրումների մասին, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25-ին որոշում է ստորագրել, ըստ որի․ «Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին»։