Բնակարանից զրկված Արցախի քաղաքացիների համար նոր ծրագիր կընդունվի․ Փաշինյան

Աշխատանքի և սոցիաական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց, թե ինչ օգնություն է տրամադրվում արցախցիներին՝ նշելով արդեն ընդունված երկու նախագծերի մասին։

Նրա խոսքով՝ հերթեր են գոյացել դրամական աջակցությունը ստանալու համար և առաջին ծրագրով, ըստ որի պատերազմից տուժած քաղաքացիները կարող են ստանալ 68 հազար դրամ աջակցություն։ Նախարարը նշեց, որ այս ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 94 հազար քաղաքացու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում նոր ծրագիր կընդունվի նաև բնակարանից զրկված Արցախի քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ արդեն ընդունված առաջին ծրագրի համաձայն միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:

Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:

Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։

Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով:

Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբեր ամսին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել:

Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:

Դիմել չեն կարող նաև 18-ից 58 տարեկան տղամարդիկ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:

Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից, իսկ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն կտեղեկացնենք մոտ օրերս:

Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։

Երկրորդ ծրագրի համաձայն․ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն։

Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել