Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է վերացնել ռազմական դրությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն:

Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի`

  • Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:
  • Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին:
  • Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:

Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել