Դանակի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Մասիսում. ոստիկանություն

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, Մասիսի մի բնակիչ քաղաքի հրապարակից նստել է «Օպել» մեքենա և պատվիրել ուղևորվել 3-րդ թաղամաս։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ճանապարհին դանակը պահել է վարորդի պարանոցին՝ պահանջելով տալ մեքենայի բանալիները և իջնել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց կասկածյալի ինքնությունը։ Նա բերման ենթարկվեց ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել