Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:

Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:

Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին՝ կատարած բարդ աշխատանքի համար, որովհետև նա էլ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը:

«Ուզում եմ պարոն Աբազյանին և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ԱԱԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ԱԱԾ համակարգում թեկուզ կարճ ժամանակահատված ծառայելը: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել պարոն Աբազյանին, շատ բարդ ժամանակահատվածում է ստանձնում այս կարևոր պաշտոնը: Վստահ եմ, որ պարոն Աբազյանը կհաջողի և Աստված թող պահապան լինի բոլորիս»,- ասել է Քյարամյանը:

Իր հերթին, Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել